Երեկ՝ սեպտեմբերի 17-ին Տավուշի մարզի դատարանը (նախագահող դատավոր՝ Սամվել Մարդանյան) կայացրել է Հայաստանի տարածք դեղորայք ապօրինի ներկրած ադրբեջանցի Աբդուլաեւ եղբայրների դատավճիռը՝ տեղեկացնում է «Հրապարակը»: Այս տարվա ապրիլի 14-ին Վրաստանի Մառնեուլի շրջանի Սադախլո գյուղի բնակիչներ, ազգությամբ ադրբեջանցի 33-ամյա Ասապ եւ 29-ամյա Ռաշադ Քամալ-օղլի Աբդուլաեւները մաքսանենգ ճանապարհներով Բագրատաշենի մաքսային կետով Հայաստան էին ներկրել 9 անուն արտասահմանյան արտադրության դեղորայք՝ մոտ 5 միլիոն դրամ արժողությամբ: Հանցագործներն ապրանքը թաքցրել էին արեւածաղկի տոպրակների տակ: ԱԱԾ-ն ձերբակալել է ադերբեջանցիներին ու նրանց հետ համագործակցած Հայաստանի մի քաղաքացու՝ դեղորայքի բիզնեսով զբաղվող Արմեն Առաքելյանին: Հինգ ամիս ադրբեջանցի երիտասարդներն անցկացրել են մեր ՔԿՀ-ներում: Նրանց հայ հանցակցի գործն անջատվել է այս մեկից: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Աբդուլաեւներին մեղավոր ճանաչեց ՀՀ քր.օր-ի 215 հոդվածով եւ դատապարտեց երեքական տարվա ազատազրկման: Դողորայքն առգրավվեց հօգուտ Հայաստանի Հանարպետության: Ի դեպ, դատավարությանը եկել էին նաեւ նրանց հարազատները՝ հայրը եւ եղբայրը:
Վրաստանաբնակ ադրբեջանցիները, որ հանգիստ կանգնել էին Իջեւան քաղաքի կենտրոնական մասում՝ դատարանի մոտ, հայ ծանոթների հետ հաղորդակցվում էին գրեթե մաքուր հայերենով: Դատավճիռը նրանց համար թարգմանելու կարիք էլ չեղավ»,-գրում է թերթը:





























