Էպիլեպսիան խրոնիկական հիվանդություն է, որը գերազանցապես դրսեւորվում է մանկական եւ պատանեկան տարիքում եւ բնութագրվում է ցնցումային նոպաներով։ Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց հոգեբույժ Մարինա Արսենյանը։
Նրա խոսքով, հիվանդության ախտածնության մեջ մեծ է հատկապես ժառանգականության գործոնը։ «Թեպետ էպիլեպսիայի բուն պատճառները հայտնի չեն, սակայն ապացուցված է, որ դրան նպաստող ամենամեծ գործոնը ժառանգականությունն է։ Հիվանդության պատճառ կարող են դառնալ նաեւ արտաքին գործոնները՝ սկսած ներարգանդային կյանքից, վերջացրած ծննդաբերական եւ հետծննդաբերական բարդություններով, ինտոքսիկացիաներով, ալերգիաներով եւ վնասվածքներով»,- նշեց հոգեբույժը՝ տեղեկացնելով, որ էպիլեպսիկ երեւույթներ կարող են ի հայտ գալ անգամ 1-2 օրական երեխաների մոտ։
«Ընդ որում, հիվանդությունն ընթանում է մի քանի փուլերով։ Դրանցից առաջինը նախանշային փուլն է, որը կարող է տեւել մի քանի ժամից մինչեւ մի քանի օր՝ ուղեկցվելով հոգեկան-զգացողական տարբեր խանգարումներով՝ դյուրագրգռություն, աֆեկտիվ խանգարումներ, տեսողական խաբկանքներ եւ այլն։ Երկրորդ՝ աուրայի փուլում, հնարավոր են տեսողական հալյուցինացիաներ, գիտակցության կարճ խաթարումներ կամ կորուստ։ Այս փուլում ցնցումներ չեն լինում։ Դրանք սկսվում են երրորդ՝ բուն ցնցումների փուլում՝ չնայած, որ տարբերում են նաեւ էպիլեպսիայի ոչ ցնցումային տեսակներ։ Այս պարագայում խաթարված գիտակցության ֆոնի վրա կատարվում են ավտոմատիկ բնույթի գործողություններ, որոնք հիվանդի կողմից հետո չեն հիշվում»,- նշեց Մարինա Արսենյանը։
Ասուլիսին ներկա մանկական նյարդաբան Շուշան Ասատրյանն էլ ավելացրեց, որ ծնողներն իրենց երեխաների հանդեպ ուշադիր պետք է լինեն հատկապես նորածնային շրջանում, քանի որ հիվանդությունն ի հայտ է գալիս առավելապես այդ շրջանում։ «Ճիշտ է, հիվանդության որոշ տեսակներ կարող են ի հայտ գալ նաեւ պատանեկան կամ դեռահասության շրջանում, եւ բերել հաշմանդամության կամ մտավոր հետամնացության, սակայն մյուս կողմից էպիլեպսիան դատավճիռ չէ, եւ դա առիթ չէ, որ հիվանդությամբ տառապող մարդը հասարակության լիարժեք անդամ չդառնա»,- ընդգծեց նյարդաբանը։ Շուշան Ասատրյանը միաժամանակ նշեց, որ թեպետ վիճակագրական տվյալների չի տիրապետում, սակայն պրակտիկայից դատելով՝ կարող է փաստել, որ էպիլեպսիայով հիվանդների, մանավանդ երեխաների թիվն զգալի աճ է ապրել։ «Այդպիսի երեխաները հաշվառման են վերցվում համապատասխան բուժհիմնարկներում, զննում անցնելուց հետո որոշվում է նրանց հաշմանդամության կարգը, ինչից հետո էլ նրանց բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում»,- ավելացրեց նա։
Ամփոփելով՝ նյարդաբանը տեղեկացրեց, որ ուղեղի՝ էպիլեպսիկ երեւույթների նպաստող հատվածների հեռացման վիրահատություններ Հայաստանում դեռեւս չեն իրականացվում։ «Սա մի հիվանդություն է, որով տառապող մարդիկ մշտապես պետք է գտնվեն բժշկի հսկողության տակ»,- ասաց նա:





























