Բրիտանական The Beatles խմբի հազվագյուտ վինիլային սկավառակը 10 հազար ֆունտ սթեռլինգ (գրեթե 14 հազար դոլար) սկզբնական արժողությամբ աճուրդի է հանվել անգլիական Ուորինգթոն քաղաքի Omega Auctions աճուրդում: Երկու` «Till There Was You» եւ «Hello Little Girl» երգերի ձայնագրությամբ սկավառակը կես դար մնացել է 1960-ականների Gerry & The Pacemakers բրիտանական ռոք-ն-ռոլային խմբի ստեղնաշարային գործիքներ նվագողի` Լեսլի Մագուայրի տան ձեղնահարկում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով BBC-ին:
Ժամանակին այդ խմբի մենեջերն էր Բրայըն Էպսթայնը, որը ղեկավարում էր նաեւ «Բիթլզը» (1961-1967): Երաժիշտների սկավառակը պատրաստվել է 1962-ին` Լոնդոնի Օքսֆորդի փողոցում գտնվող HMV խանութի համար, դրանից շատ կարճ ժամանակ անց լիվերպուլցի երաժիշտները բառացիորեն ներխուժեցին ազգային երաժշտական վարկանիշային աղյուսակներ: Սկավառակի վրա Էփսթայնի գրությունն է, որը վկայում է, որ սկավառակը ձայնագրվել է «Փոլ Մակքարտնիի եւ «Բիթլզի» կողմից:
Հենց լիվերպուլյան քառյակի մենեջերն է 1963-ին այդ սկավառակը նվիրել Մագուայրին: 74-ամյա երաժշտի խոստովանությամբ, այդ սկավառակը հաջողություն է բերել Beatles-ին:
Լիվերպուլյան քառյակի պատմաբան Մարկ Լեւիսոնը սկավառակը կոչել է «խմբի հազվագյուտ մասունքներից մեկը», որի արժեքն առայժմ դժվար է որոշել:





























