Հայաստտանի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, ստորագրել է մի շարք հրամանագրեր: Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես` ՀՀ նախագահի հրամանագրով ճարտարապետ Լեւոն Շմավոնի Խրիստաֆորյանին շնորհվել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչում:

Մեկ այլ հրամանագրով, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ցուցաբերած անձնական խիզախության համար ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Նոյեմբերյանի հրշեջ փրկարարական ջոկատի պահակախմբի պետ, փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտ Գեւորգ Շամստանի Գիշյանը պարգեւատրվել է Արիության մեդալով:

Երկարամյա եւ բարեխիղճ պետական-հասարակական գործունեության համար Մուրադ Հովհաննեսի Մուրադյանը պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Երկարամյա անբասիր աշխատանքի համար ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ-քարտուղարության պետ Թաթուլ Արմենակի Սողոմոնյանը պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Հայաստանի անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ Սերժ Սարգսյանի հրամանագրերով պարգեւատրվել են նաեւ` առողջապահության բնագավառում ունեցած վաստակի համար «Ընտանիքի պլանավորման եւ սեռական առողջության կենտրոն» ՓԲԸ-ի կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Անժելա Միսակի Թամազյանը, ում շնորհվել է Հայաստանի վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:

Հայաստանի լողի հավաքական թիմերի գլխավոր մարզիչ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի լողի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Իգոր Գրիգորի Սաֆարյանին շնորհվել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

Երկարամյա եւ անբասիր պետական-հասարակական գործունեության համար ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Նարինե Միսակի Բալայանը պարգեւատրվել է Մխիթար Հերացու մեդալով:

Օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահրամ Գագիկի Շահինյանին շնորհվել է Հայաստանի վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

Լոռու մարզի դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սուրեն Օնիկի Առաքելյանը եւ Երեւանի կայազորի զինվորական դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Աշոտ Հովհաննեսի Մկրտչյանը, օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, պարգեւատրվել են Մխիթար Գոշի մեդալով: