Ֆրանսիայի իշխանությունները սկսել են մասնակիորեն քանդել Կալե նավահանգստային քաղաքում ներգաղթյալների տարերային ճամբարը, որը «ջունգլի» անվանումն էր ստացել:
Մի քանի տասնյակ կառույցի ավերումն իրականացվում է երկու բուլդոզերի միջոցով եւ այն մասնավոր ընկերության 20 աշխատակցի մասնակցությամբ, որը բնակավայրի հարավային հատվածի ապամոնտաժման պայմանագիր է կնքել: «Ֆրանս Պրեսսի» տվյալների համաձայն, տարածքը, որից մաքրում են կառույցները, շրջափակված է ոստիկանական օղակով: Դեպի ճամբար անցումներից մեկի մոտ անկարգությունների դեմ պայքարի երկու հատուկ ավոտմեքենա կա, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Պրեֆեկտուրայի տվյալների համաձայն, ճամբարի` քանդման ենթակա հարավային մասում 800-ից 1000 ներգաղթյալ է ապրում: «Քաղաքի» հյուսիսային հատվածում մինչեւ 3,5 հազար փախստական է մնացել:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնեւն անցալ շաբաթ նշել է, որ ներգաղթյալների տեղափոխումը կիրականացվի պետական բոլոր հնարավորությունների լիակատար մոբիլիզացիայի պայմաններում: Մասնավորապես, խոսքը փախստականների ընդունման կենտրոնների մասին է, որոնք թույլ են տվել անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր Կալեից 2,7 հազար ներգաղթյալ տեղափոխել:





























