Հայաստանում կա տեսակետ, որ այս իշխանություններից ազատվելու միակ հնարավորությունն ահաբեկչությունն է,  եւ  այդ տեսակետն արմատականանում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 29-ին, Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հանրային քննարկման ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Մենք այստեղ քննարկելու ենք, թե, այնուամենայնիվ, ինչ-որ բան կարելի՞ է անել,  որ ոչ թե զենքով հարցերը լուծվեն, այլ քվեաթերթիկով, մենք փորձում ենք երկիրը փրկել ահաբեկչությունից»,- ասել է նա:

Զուրաբյանը նկատել է, որ իշխանություններն այլեւս չեն էլ հակադարձում հայտարարություններին, թե հանրաքվեն կեղծված է,  որովհետեւ իրենք էլ են հասկանում, թե ծիծաղելի կլինի, որ հակադարձեն:

Լեւոն Զուրաբյանի խոսքով, հանրաքվեից հետո երկրում իրավիճակ է փոխվել: «Հանրաքվեն իր բոլոր այս կեղծիքներով, ըստ էության, մեծ դրական դեր է խաղացել մեր կյանքում: Կայացավ մի մոդել, որ բոլորը տեսան, թե ինչպես ժողովուրդը  զանգվածաբար գնաց քվեարկեց  եւ հայտարարվեց բացարձակ այլ արդյունք»,-ընդգծել է Զուրաբյանը՝ հավելելով, որ իրենք առաջարկում են մաքրել ընտրողների ցուցակները, նաեւ հրապարակել ընտրություններին մասնկցած ընտրողների ցուցակները, ինչպես նաեւ տեսախցիկներ տեղադրել ընտրատեղամասերում: