Սաուդյան Արաբիայից մասնագետներն ինտելեկտուալ համակարգ են մշակել, որը հնարավորություն է տալիս վերահսկել հաջի ընթացքում Մեքքայի Արգելված մզկիթում ուխտավորների շարժումը եւ դրանով կանխել հրմշտոցի առաջացումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով  Arab News պորտալին:

«Race համակարգը մաս է կազմում հաջի եւ ումրայի (փոքր հաջ) ընթացքում ուխտավորների անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված որոշումներին: Ինտելեկտուալ նոր համակարգն իրենից կներկայացնի ինտերակտիվ էլեկտրոնային հարթակ, որը 50 տեսախցիկից ստացված տվյալների հիման վրա կներկայացնի Արգելված մզկիթում ուխտավորների շարժումն արտացոլող պատկերը», — ասել է հաջի եւ ումրայի անվտանգության ապահովման պետական տնօրինության ներկայացուցիչ գնդապետ Բադր բեն Սաուդը, որի խոսքերն են մեջբերում ԶԼՄ-ները: 

Նա նշել է, որ նման համակարգը մզկիթի անվտանգության ծառայությանը հնարավորություն կտա  «կարգավորել ուխտավորների շարժումը» եւ հրմշտոցից խուսափել մզկիթի ցանկացած կետում, որը վերանորոգումից հետո 2,2 մլն մարդ կտեղավորի: