Ռուսաստանյան դիվանագիտական շրջանակների հավաստի աղբյուրները NEWS.am-ի թղթակցին հայտնել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի նախապատրաստվող պաշտոնանկության մասին: Համաձայն աղբյուրի՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի փոփոխությունը կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ, նաեւ Թուրքիայի հետ հարաբերություններում ադրբեջանցի նախարարի կատարած սխալների հետ:

Աղբյուրը նաեւ հաստատեց շրջանառվող լուրերը, որ պաշտոնական Բաքուն համաձայնություն չի տալիս Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան նշանակելուն: Նրա խոսքերով, Բրայզայի նշանակման հարցը հետաձգվում է ոչ թե Ադրբեջանի նախարարության ագրեմանի ուշացման պատճառով, այլ նրա թեկնածության ոչ պաշտոնական համաձայնեցման փուլում է: «Բրայզան չափազանց ակտիվ է Բաքվի համար: Որոշ տեղեկություններով, հենց նա է նախապատրաստել Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը, որի համար վաղօրոք էր լիազորված ԱՄՆ նախագահի կողմից՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համաձայնությամբ»,- նշեց աղբյուրը: