«Մեկ տարի առաջ Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումը մի կողմից դրական ազդեցություն ունեցավ, մյուս կողմից` դա լուրջ մտահոգություն առաջացրեց Արեւմուտքում, որ ՌԴ-ն նույն բանը կարող է անել Ղարաբաղի հետ կապված»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Հարցին, թե ի՞նչ տվեց Ղարաբաղին այն, որ նա ժամանակին դադարեցրեց մասնակցել Ռուսաստանի նախաձեռնությամբ կազմակերպվող Կովկասի չճանաչված հանրապետությունների ղեկավարների պարբերաբար տեղի ունեցող հանդիպումներին, նա պատասխանեց. «Բոլորս էլ հասկանում ենք, որ Ռուսաստանի կողմից այդ հանրապետությունների ճանաչումը պատասխանն էր նրա, որ Արեւմուտքը ճանաչեց Կոսովոյի անկախությունը: Այդ ճանաչումով Ռուսաստանը, նաեւ կանխեց Վրաստանի ինտեգրումը արեւմտյան կառույցներին, այդ թվում ՆԱՏՕ-ին, քանի որ ՆԱՏՕ-ում շատ զգուշավոր են մոտենում այն երկրների ինտեգրմանը, որտեղ տարածքային խնդիրներ կան: Աշխարհաքաղաքական այդ գործոնների պատճառով, փաստորեն աբխազներն ու օսերը ստացան այդ նվերը Ռուսաստանից»:
Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա, ըստ Բոզոյանի, «շատ վտանգավոր է, եթե հայկական կողմից լինի միակողմանի կողմնորոշում` կամ ռուսական կամ արեւմտյան, որովհետեւ մեր շահը պետք է լինի այն, որ կոնսոլիդացված ճանաչում լինի թե ՌԴ-ի, թե Արեւմուտքի կողմից»: Քաղաքագետի համոզմամբ, Ղարաբաղի դեպքում չի լինի այն տարբերակը, որը եղավ Կոսովոյի կամ Աբխազիայի հարցում: «Կոսովոն ընդգծված արեւմտյան կողմնորոշում ուներ, Աբխազիան եւ Հարավային Օսիան ընդգծված ռուսական օրբիտայի մեջ էին: Իսկ Ղարաբաղի պարագայում եթե մենք որոշակի ընդգծված այս կամ այն կողմնորոշումն ունենանք, ապա կարող ենք լուրջ բարդությունների հանգել»,- ասաց նա:
Քաղաքագետը նկատեց նաեւ, որ Ռուսաստանը եւս Ղարաբաղը չի դնում նույն հարթության վրա, ինչ Աբխազիան եւ Հարավային Օսիան, որովհետեւ Ռուսաստանը ակնհայտորեն ցույց է տալիս, որ այդ հանրապետությունները ճանաչել է Վրաստանի արեւմտամետ քաղաքականության պատճառով: Նա հիշեցրեց, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ընդգծել է, որ ԼՂ խնդիրը էապես տարբերվում է Աբխազիայի եւ Հվ. Օսիայի խնդիրներից, որովհետեւ ԼՂ հարցում փաստացի ագրեսիա չկա, ինչպես կար Վրաստանի կողմից: «Այսինքն ռուսները չեն ցանկանում փչացնել իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ ակնարկում են, որ եթե Ադրբեջանը չգնա Վրաստանի ճանապարհով, իր վեկտորը չփոխի դեպի արեւմուտք, ապա Ռուսաստանի կողմից ԼՂ հարցում այնպիսի վերաբերմունք չի լինի, ինչպես եղավ Աբխազիայի եւ Օսիայի հարցում»:




























