Անկախ այն բանից, թե Հայաստանում ընդդիմությունը գաղափարական դաշտում կմիավորվի, թե ոչ, Ընտրական օրենսգրքի քննարկման եւ բարեփոխման հարցում նրանք պետք է միասնական աշխատեն։ Այս մասին մարտի 2-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։
Նա ողջունել է Ընտրական օրենսգրքի բարեփոխման ցանկացած առաջարկի շուրջ ընդդիմության միավորումը։ «Անհրաժեշտ է պահանջել հրապարակել քվեարկած ընտրողների ցուցակները։ Պետք է նաեւ տեսախցիկներ տեղադրվեն ընտրատեղամասերում։ Ընդդիմությունը պետք է հստակ ներկայացնի իրավիճակը հանրությանը եւ կեղծ խոստումներ չտա»,- ընդգծել է Սեդրակյանը։ Նա նշել է, որ Հայաստանում ընդդիմությունը տարիներ շարունակ զուրկ է եղել ռեսուրսներից։
Նշենք, որ Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի մինչեւ 2016թ. հունիսի 1-ը։





























