Թուրք-քրդական պայքարում կուժը միշտ ջարդվում է հայերի գլխին: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց Դերսիմի հայերի միության հիմնադիր Միհրան Փրկիչ Գյուլթեքին՝ հավելելով, որ Արեւմտյան Հայաստանում ծպտյալ հայերի թիվը հասնում է երեք-չորս միլիոնի:

«Ծպտյալ հայրեի թվի մեծությունը գալիս է այն բանից, որ այնտեղ ճնշված են ապրում, խնդիրներ կունենան, այդ պատճառով գաղտնի են պահում, սակայն զրույցներում բացահայտում են, որ իրենք հայեր են»,-նշեց նա:

Միհրան Փրկիչ Գյուլթեքինի խոսքով՝ Թուրքիայում բնակվող հայերը հալածանքների են ենթարկվում թուրք-քրդական պատերազմի արդյունքում:

«Թուրքիայում պատերազմ է գնում եւ ամեն ընձեռված առիթով հայերի անունը միշտ էլ մեջտեղ է գալիս: Անգամ քրդերի եւ ալեւիների հետ պայքարի ժամանակ կուժը միշտ ջարդվում է հայերի գլխին»,-նշեց նա՝ հավելելով, որ հայերը գերադասում են գաղտնի պահել իրենց ինքնությունը, քան հալածանքների ենթարկվել:

Դերսիմի հայերի միության հիմնադիրը հայտնեց, որ նախատեսվում է Թուրքիայի տարածքում գտնվող եկեղեցիները եւ հուշարձանները վերականգնել, սակայն դեռւես անհրաժեշտ միջոցները չկան:

«Այս հարցում ամենահետ մնացողը ՀՀ կառավարությունն է: Թուրքիայի կառավարությունը երկրից դուրս գտնվող թուրքերի մասին հոգ է տանում, իսկ ՀՀ Կառավարությունը՝ ոչ»,-ասաց Միհրան Փրկիչ Գյուլթեքինը: