«Ալտիպլանո» բանտի անմարդկային պայմանները Գաճաճ մականունով հայտնի նարկոբարոն Խոակին Գուսմանին ստիպել են պնդել անհապաղ ԱՄՆ-ին արտահանձնվելու հարցում: Այս մասին գրում է The Chicago Tribune-ը:
Յուրաքանչյուր չորս ժամը մեկ նրան արթնացնում են՝ բանտախուցը ստուգելու համար, շատ քիչ են թույլ տալիս ժամադրություններ կազմակերպել: «Նա հասել է սահմանագծին: Սա հուսահատ քայլ է»,- նարկոբարոնի շարժառիթն այսպես է մեկնաբանել նրա պաշտպան Խոսե Ռեֆուխիո Ռոդրիգեսը: Նրա խոսքով, Գաճաճը նման է «պարտված, ստորացված մարդու»:
Ըստ Lenta-ի, նրա վարձած իրավաբաններն արդեն բանակցում են ԱՄՆ իշխանությունների հետ, եւ փաստաբանները խոստանում են հարցը լուծել երկու ամսվա ընթացքում: Նարկոբարոնը ցանկանում է հասնել սովորական ռեժիմի բանտ փոխադրվելուն եւ պատժի նվազեցմանը: Նրա խոսքով, այդպիսի գործարքներ նախկինում կնքվել են այլ հանցագործների հետ:
Ներկայում Գաճաճը Մեխիկոյի «Ալտիպլանո» բանտում է, որտեղից նախկինում կարողացել էր փախուստի դիմել: Հունվարի 9-ին հայտնի դարձավ նարկոբարոնին ԱՄՆ-ին արտահանձնելու շուրջ մեքսիկական իշխանությունների մտադրության մասին:





























