Նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը ՀՀ խորհրդարան կներկայացվի եկող շաբաթվա սկզբին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է խորհրդարանի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։ Դրանից հետո հանձնաժողովը հանրային քննարկում կկազմակերպի քաղաքացիական հասարակության լայն շրջանակների հետ։ Հետո այն քննարկման կդրվի Ազգային ժողովի լիագումար նիստում։
Հիշեցնենք, որ նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը հավանություն է ստացել մարտի 3-ին Կառավարության նիստում։ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ աշխատանքային շաբաթը կսկսվի չորեքշաբթի։ Հետեւաբար նախագիծը խորհրդարան կներկայացվի մարտի 9-10-ը։
Նոր Ընտրական օրենսգրքի նախագծի համաձայն՝ խորհրդարանական ընտրությունները կլինեն միասնական եւ համապետական։ Դրանք անցկացվելու են բացառապես համամասնական ընտրական համակարգով։
Եթե նույն կուսակցությունը հավաքել է 53 մանդատ, բաշխումը համարվում է վերջնական, իսկ եթե քիչ՝ նախնական։ Անցումային շեմը նախկինի պես 5 տոկոս է կուսակցությունների եւ 7 տոկոս կուսակցական բլոկների համար։ Անկախ ընտրությունների արդյունքներից՝ խորհրդարանում պետք է ներկայացված լինի առնվազն 3 քաղաքական ուժ։
Մանդատները բաշխվում են հետեւյալ կերպ՝ հօգուտ յուրաքանչյուր կուսակցության քվեաթերթիկների քանակը բազմապատկվում է 101-ով եւ բաժանվում ընտրական շեմը հաղթահարած ուժերի օգտին եղած քվեաթերթիկների թվին։ Այդ կլորացված թվով էլ բաշխվելու են մանդատները։ Մնացած մանդատները բաժանվում են մնացյալների հերթականությամբ՝ յուրաքանչյուրին 1-ական մանդատ։
Կուսակցության ստացած մանդատների կեսը տրվում են կուսակցության համապետական ցուցակի թեկնածուներին` ըստ հերթականության: Մանդատների մնացած մասը բաշխվում է կուսակցության տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջև: Եթե թեկնածուն մանդատ է ստացել ե՛ւ հանրապետական, ե՛ւ ցուցակով, ապա նա համարվում է հերթական թեկնածու տարածքային ցուցակով, իսկ հանրապետական ցուցակի մանդատը անցնում է ցուցակում հաջորդին։
Եվս 4 մանդատ բաշխվում են ազգային փոքրամասնությունների միջեւ։ Մանդատները բաշխվում են կուսակցությունների եւ բլոկների միջեւ, որոնք հաղթահարել են անցողիկ շեմը հատուկ գործակցով եւ այդ ազգային փոքրամասնության քանակի հաշվարկով։




























