Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը սեպտեմբերի 20-27-ին իր արձակուրդն անցկացնելու է Ավստրիայում, որտեղ էլ կնշի իր ծննդյան 74-ամյակը: Նրա ծննդյան օրը սեպտեմբերի 21-ին է:

«Քաղաքապետն արդեն մեկնել է եւ ներկայումս գտնվում է Ավստրիայում, որտեղ էլ կնոջ` Ելենա Բատուրինայի հետ նշելու է ծննդյան տարեդարձը»,- «ՌԻԱ նովոստիին» հայտնել է Լուժկովին մոտ կանգնած աղբյուրը:

Ռուսաստանի նախագահի վարչակազմում հայտնել են, որ Մոսկվայի քաղաքապետն իր արձակուրդը համաձայնեցրել է նախագահի հետ. նրան ժամանակ է պետք, որ մտածի:

Լուժկովի հնարավոր հրաժարականի մասին լուրերի ֆոնին, այս արձակուրդը համարվել է որպես «թայմ-աութ»: Ինքը` Լուժկովը գտնում է, որ իրեն չեն խնդրի ժամկետից շուտ լքել  քաղաքապետի պաշտոնը, եւ նշել, որ միայն իր հանդեպ մոսկվացիների վստահության կորուստը կարող է ստիպել իրեն հեռանալ պաշտոնից:

Հիշեցնենք, որ մի շարք ռուսական լրատվամիջոցներ Լուժկովին քննադատել էին այս ամռանը հրդեհների ժամանակ արձակուրդ գնալու համար, երբ երկու շաբաթ քաղաքը ծխի մեջ էր: Ի պատասխան Լուժկովը հայտարարել էր, որ արձակուրդում է եղել ընդամենը 6 օր եւ այդ ընթացքում վերահսկել է իրավիճակը: