Պրիմորյեում շոկոլադ են ստեղծել ծովաստղերից, ծովաոզնիներից եւ կիտրոնաթփից առանձնացված նյութերի հավելմամբ, որոնք դանդաղեցնում են ծերացումը եւ բարելավում նյութափոխանակությունը: Այդ մասին հայտնել է ՌԳԱ ՀԱԲ-ի Կենսաօրգանական քիմիայի խաղաղօվկիանոսյան ինստիտուտի մամուլի ծառայությունը:
«Մենք այդ նյութերը կոչել ենք «ծովային վիտամիններ»: «Ծովային վիտամինների» նման համալիրը դանդաղեցնում է ծերացման գործընթացները եւ շտկող ազդեցություն է ունենում նյութափոխանակային գործընթացների վրա, ինչը բարձրացնում է կյանքի որակը եւ նպաստում երկարակեցությանը», - ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ինստիտուտում արդեն ավելի քան 40 տարի ուսումնասիրում են ծովային բնական միացությունների բուժակենսաբանական հատկանիշներն ու կառուցվածքը: Դրանց հիման վրա ստեղծվել եւ հաջողությամբ պրակտիկ բժշկության մեջ են ներդրվել մի շարք դեղամիջոցներ եւ կենսաբանորեն ակտիվ հավելումներ:
Ավելի վաղ` 2015-ի աշնանը Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի (ՀԱԴՀ) աշխատակիցները Մոսկվայում գիտության համառուսաստանյան փառատոնին սննդային արտադրանք էին ներկայացրել, որը յուրատատուկ տեխնոլոգիայով պատրաստվել էր հեռավորարեւելյան ծովերի ջրիմուռներից: ՀԱԴՀ-ի Կենսաբժշկության դպրոցի գիտնականները լամինարիայից աղցաններ են ստեղծել, գորշ ջրիմուռների հավելումներով հացաբուլկեղենային արտադրանք եւ նրբերշիկ, ինչպես նաեւ անֆելցիա կարմիր բազմամյա ջրիմուռից ագար ստանալու տեխնոլոգիա:




























