Իտալիան պիցցայի ավանդական նեապոլիտանական տարատեսակի պատրաստման եղանակը ներկայացրել է` ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու համար: Այդ մասին հայտնել է ԱՆՍԱ գործակալությունը` վկայակոչելով ՅՈՒՆԵՍԿՈ-ի ազգային կոմիտեին, որը հավանություն է տվել Գյուղատնտեսության, անտառտնտեսության եւ սննդամթերքի հարցերով նախարարության առաջարկին, որին աջակցում է Մշակութային ժառանգության, մշակութային գործունեության եւ զբոսաշրջության նախարարությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պաշտոնական հայտը փոխանցում ենք ՅՈՒՆԵՍԿՈ-ին, որտեղ քննարկում կսկսվի 200 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ», - հայտնել է հայտի «կուրատոր» Պյեռլուիջի Պետրիլլոն: Նա նշել է, որ պիցցան ՅՈՒՆԵՍԿՈ-ի ցուցակ մտցնելը հեշտ չի լինի, որովհետեւ մինչ այժմ Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում դեռեւս խոհարարական ավանդույթներ չեն եղել:
Հանձնաժողովի կարծիքով, պիցցայի նեապոլիտանական վարպետների (պիցցայոլոների) ավանդույթը խոհարարության շրջանակից շատ հեռուն է գնում: «Պիցցան ինքնանույնականացման տարր է ոչ միայն նեապոլիտանացիների, այլեւ բոլոր իտալացիների համար: Սա ամբողջ աշխարհում Իտալիայի չափանիշն է», - ասված է կոմիտեի ուղեկցող նամակում: Ակնկալվում է, որ որոշումը կընդունվի Փարիզում` 2017-ին:




























