Երեւանում փետրվարի 29-ի գիշերը հրազենային վնասվածք ստացած, 25-ամյա Արթուր Գեւորգյանի վիճակը կայուն է, սակայն առաջիկայում դեռեւս վիրահատությունների պետք է ենթարկվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը:

«Կյանքին սպառնացող վտանգ այլեւս չկա, բավականին լավ է, գիտակցություն ունի, խոսում է: Ամեն ինչ լավ է, սակայն առջեւում բուժման երկարատեւ կուրս է նրան սպասվում»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն, փետրվարի 29-ին՝ ժամը 01.15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «երկու ձեռքի, երկու ոտքի, կրծքավանդակի աջ թուլակողի» բազմաթիվ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 25-ամյա Արթուր Գևորգյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Քննությունը շարունակվում է: