Եթե ռեյտինգային համամասնական ընտրակարգը դիտարկում ենք արեւմտյան չափորոշիչներով, ուրախ կլինեմ, որ այն ներառված լինի Ընտրական օրենսգրքի նախագծում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը։
«Ես ամբողջական դեռ ծանոթ չեմ այդ մոդելին, բայց եթե վերցնում ենք արեւմտյան չափորոշիչներով, դրանք իրենց դերը, նշանակությունը ցույց տված քաղաքական ընտրական գործիքներ են: Ես ուրախ կլինեմ, որ ժամանակակից արեւմտյան չափորոշիչներով Հայաստանի Ընտրական օրենսգրքում ներառված լինեն»,-ասաց Խաչատուր Սուքիասյանը։
Դիտարկմանը, թե ըստ ընդդիմադիրների՝ այդ մոդելի ներդրմամբ կրկին խրախուսվում է ձայն բերելու նույն մեխանիզմները, որոնք կային մեծամասնական ընտրակարգի դեպքում, Սուքիասյանն արձագանքեց․ «Հնարավոր է՝ սկզբնական շրջանում որոշակի անհարթություններ լինեն, բայց իքս ժամանակ հետո իրավիճակը կփոխվի, քանի որ արեւմտյան տարբերակով դրանք մենք տեսել ենք, ու դրա արդյունքը կա, բավականին արդար ընտրություն է։ Իսկ ինչ որ մեկը, որը քաղաքականության հետ կապ չունի ու պիտանելիության առումով ոչնչով չի առանձնացել, չեմ կարծում, որ նման մարդկանց ներգրավելը հեշտ է լինելու»։




























