«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանին, ամենայն հավանականությամբ, մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի առիթով են կանչել քննչական բաժին՝ վկայություն տալու:
«Չեն ասել, թե ինչի հետ կապված են կանչել: Ես միայն ենթադրում եմ, որ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ինչ-որ ծեծկռտուքի հետ կապված են կանչել»,- այսօր՝ մարտի 5-ին, նախքան Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին գնալը՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Նա նշեց, որ պատրաստ է ցուցմունքներ տալ, եթե ինքն ինչ-որ տեղեկություններ ունենա:
«Եթե ինչ-որ բան հիշեմ, ցուցմունքներ կտամ, սակայն միայն այն, որ ինձ կանչում են ոստիկանություն ամիսների վաղեմության ինչ-որ դեպքի հետ կապված, մեզ ստիպում է մտածել, որ հերթական անգամ փորձում են մեր ժամանակը խլել»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանին կանչել են քննչական: Ժիրայր Սեֆիլյանը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կլինի մարտի 5-ին՝ ժամը 14:30-ին՝ որպես վկա ցուցմունք տալու համար: «Նոր Հայաստան»-ից տեղեկացնում են, որ գործի մանրամասներն իրենց հայտնի չեն:





























