Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ մարտի 4-ին Բաքվում կայացած հանդիպման ընթացքում առանձին ուշադրություն է դարձվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, ինչպես նաեւ Կասպյան տարածաշրջանում միջազգային համագործակցությանը վերաբերող փաստաթղթերին: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

«Քննարկվել են երկկողմ ռուս-ադրբեջանական հարաբերությունները, այդ թվում՝ առկա համաձայնություններին համապատասխան՝ առաջիկա հանդիպումների նախապատրաստումը: Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում իրավիճակի զարգացման, հարեւան երկրների հետ Ռուսաստանի եւ Ադրբեջանի համագործակցության հեռանկաների մասին:

Առանձին ուշադրություն է դարձվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, ինչպես նաեւ Կասպյան տարածաշրջանում միջազգային համագործակցությանը վերաբերող փաստաթղթերին»,- ասված է հաղորդագրության մեջ: