Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է քննել Մեղրիի զորամասերից մեկի դիրքերում 2012 թ.-ի նոյեմբերին մահացած ժամկետային զինծառայող, 19-ամյա Սարգիս Սահակյանի հարազատների դիմումը, որով պահանջվում էր ճանաչել զինծառայողի կյանքի իրավունքի խախտումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց մահացած զինծառայողի հարազատների շահերը պաշտպանող Մուշեղ Շուշանյանը:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանից նամակ ենք ստացել, որ մեր դիմումը պահանջներին չի համապատասխանում: Մենք պահանջում ենք ճանաչել կյանքի իրավունքի խախտում եւ այս փաստով արդյունավետ քննություն չիրականացնելու փաստի արձանագրում»,- ասաց Մուշեղ Շուշանյանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Միսակյանը, որը N զորամասի զինծառայող էր, կոչումով կրտսեր  սերժանտ, մարտական դիրքում տարբեր օրերի պարբերաբար հալածել է համածառայող Սարգիս Սահակյանին` հարվածել, սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Միսակյանը նույնը շարունակել է նաեւ հարակից մարտական հենակետի ավագի օգնական Արտաշես Խաչատրյանի հետ՝ հալածել և քննադատել Ս.Սահակյանին, ինչի հետևանքով վերջինս իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է կատարել։

Ավագ լեյտենանտ Գոռ Մարգարյանն էլ՝ որպես հենակետի ավագ, չի կանխել Արթուր Միսակյանի և Արտաշես Խաչատրյանի անօրինական գործողությունները։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. օգոստոսին Արտաշես Խաչատրյանին ու Արթուր Միսակյանին դատապարտել էր 5-ական տարվա ազատազրկման, իսկ Գոռ Մարգարյանը համաներումով ազատ էր արձակել։

Տուժող կողմը դատավճիռը բողոքարկել էր Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններում, սակայն դիմումը մերժվել էր: