«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն բանակցություններ է վարում եւս 2 բանկերի հետ միավորվելու հարցով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է բանկի գործադիր տնօրեն Արմեն Նալջյանը:

2015թ. «Հայէկոնոմբանկին» արդեն միացել էր ղազախստանյան կապիտալով ԲՏԱ բանկը: Այս պահին միավորվելու տարբերակը դիտարկում է եւս 2 բանկ, որոնց հետ բանակցություններ են ընթանում:

Նույն 2015թ. բաժնետերերը ավելի քան 4 մլրդ դրամի ներդրում էին կատարել բանկում:  2015թ. տվյալներով՝ բանկի ընդհանուր կապիտալը կազմում էր 13.5 մլրդ դրամ, իսկ 2017թ. հունվարի 1-ից ԿԲ պահանջած նվազագույն շեմը կկազմի 30 մլրդ:

Այդուհանդերձ այդ թիվը չէր ներառում ԲՏԱ բանկի կապիտալը՝ 5.4 մլրդ դրամ, ինչպես նաեւ բաժնեմասերի նոր բաժանորդագրությունը, որն ավարտվել է 2015թ. դեկտեմբերի 31-ին:

«2016թ. այդ ամենը կանդրադառնա մեր հաշվեկշռի վրա: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ այս պահին բանկն արդեն լուծել է ընդհանուր կապիտալի նոր շեմին հասնելու հարցը: Ի թիվս այլոց, մենք այս տարի բաժնեմասերի նոր բաժանորդագրություն կանցկացնենք»,- ասել է Նալջյանը:

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հիմնական բաժնետերը  Սուքիասյանների ընտանիքն է՝ Սարիբեկ Սուքիասյանը՝ 22.6 տոկոս, Խաչատուր Սուքիասյանը՝ 19.5 տոկոս, Ռոբերտ Սուքիասյանը՝ 15.3 տոկոս: Բաժնետոսմերի 20 տոկոսը պատկանում է EBRD-ին: