Քաղաքների բնակիչները փողոցային լուսավորության պատճառով քնի հետ կապված խնդիրներ ունեն, պնդում են Սթենֆորդի համալսարանի գիտնականները: 

Հայտնի է, որ մարմինն արձագանքում է օրվա ընթացքում լուսավորության  փոփոխություններին: Եթե գիշերը լուսավոր է, շեղվում է ներքին ժամացույցը, ինչպես նաեւ քնի ռեժիմը: Մասնագետներն ութ տարի շարունակ հարցում են անցկացրել    15863 մարդու շրջանում: Պատասխանողները պատմել են քնի ռեժիմի, դրա որակի, ֆիզիկական եւ հոգեբանական շեղումների առկայության մասին: 

Հաշվի է առնվել նաեւ մութ ժամերին փողոցների լուսավորության մակարդակը: Գիշերային լուսավորությունն ազդել է քնի տեւողության եւ որակի վրա: Եթե լուսավորությունն ուժեղ էր, մարդը  6 տոկոսով ավելի էր քնի պակաս ունենում (գիշերը 6 ժամից պակաս էր քնում): Նա ավելի հաճախակի էր դժգոհ լինում քնի քանակից կամ որակից  (մեծ քաղաքների դժգոհ բնակիչների 29 տոկոսը` պակաս ակտիվ լուսավորությամբ փոքր բնակավայրերի բնակիչների  16 տոկոսի դիմաց), հաղորդում է MedDaily-ն http://meddaily.ru:

Ինտենսիվ լուսավորության զոհերը նաեւ ավելի հաճախ էին բողոքում հոգնածությունից (9 տոկոսը 7 տոկոսի դիմաց): Եվ գիշերն ավելի քիչ էին քնում. 412 րոպե թույլ լուսավորության պայմաններում վառ լուսավորության 402 րոպեի դիմաց:  Վառ լույսը շատերին ստիպում էր գիշերն արթնանալ  (19 տոկոս 13 տոկոսի դիմաց), հետո մարդիկ տառապում էին քնկոտությունից եւ չէին կարողանում նորմալ գործել  (6 տոկոս 2 տոկոսի դիմաց): Գիտնականները մեծ քաղաքների բնակիչներին միանշանակորեն խորհուրդ են տալիս պատուհանների դիմաց հաստ վարագույրներ կախել` կասեցնելու փողոցի վառ լուսավորությունը: