ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մեկ անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ:

ՀՀ ՔՆնչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով`2016թ. մարտի 4-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, Այգեհովիտ-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 4.2 կիլոմետրի հատվածում, Ս.Նազլուխանյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան շրջադարձի ժամանակ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, հարվածել մետաղյա արգելապատնեշին եւ ընկել ճանապարհի հարակից ձորը:

Ավտոպատահարի հետեւանքով մեքենայի  ուղեւոր, 44-ամյա Արմեն Նազլուխանյանը մահացել է, իսկ վարորդ, 54-ամյա Ս. Նազլուխանյանը եւ մյուս ուղեւորները՝ 37-ամյա Ք.Խարազյանը, 18-ամյա Ա.Նազլուխանյանը եւ 14-ամյա Վ.Նազլուխանյանն ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ 2016թ. մարտի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի եւ տրանսպորտային միջոցի զննություն, ստուգվել վարորդի սթափությունը:

Կատարվում է նախաքննություն: Նշանակվել են փորձաքննություններ: