1992թ. Մանիլայի շախմատային Օլիմպիադայում Վլադիմիր Կրամնիկը ցույց տվեց լեգենդար արդյունք. 8,5 միավոր` 9 հնարավորից` պահեստայինի տախտակին: Թուրինի Օլիմպիադայում Կրամնիկը լավագույն արդյունքը ցույց տվեց արդեն առաջին տախտակին: Այս անգամ Խանտի-Մանսիյսկում առաջին տախտակների մրցաշարն ավելի տպավորիչ կլինի` Կարլսեն, Արոնյան, Գելֆանդ, Իվանչուկ, Կամսկի, Տոպալով, Մամեդյարով, Լեկո, Շիրով: Էլիտայից բացակայում է միայն Անանդը: «Սպորտ-Էքսպրեսին» այս մասին գնահատական է տվել Ռուսաստանի հավաքականի առաջին համար Վլադիմիր Կրամնիկը:

«Առաջին տախտակը Օլիմպիադայում միշտ շատ հզոր է: Դա գործնականում սուպերմրցաշար է: Խաղալ առաջին տախտակին, դա նույն է, ինչ խաղալ Լինարեսում, կամ Դորտմունդում: Պարզ է, որ Ռուսաստանի առաջին հավաքականը խաղալու է բոլոր լավագույն թիմերի հետ, եւ դա նշանակում է, որ ես պետք է հանդիպեմ էլիտայի բոլոր ուժեղագույն խաղացողների հետ: Ինձ համար, ստացվում է, որ սա ուժերի տեսանկյունից սովորական մրցաշար է եւ առանձնահատուկ` պատասխանատվության տեսանկյունից: Թեեւ առաջին տախտակը նույնքան միավոր է բերում, որքան յուրաքանչյուր մյուսը, սակայն թիմի համար առաջին տախտակը առանձնահատուկ հոգեբանական նշանակություն ունի: Առաջատարի հաջող խաղը վստահություն է ներշնչում թիմին: 90-ականներին, երբ Կասպարովը մեր հավաքականի առաջատարն էր եւ նա շատ հաջող էր խաղում առաջին տախտակին, մյուսներին` նրա թիկունքում շատ ավելի հեշտ էր խաղալ: Ես դա գերազանց եմ հասկանում եւ կձգտեմ ցույց տալ այն ամենը, ինչին ընդունակ եմ»: