Հայաստանի իշխող կոալիցիան ներկայացնող ուժերը դատապարտում են ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ձգտումը՝ մարտի 1-ի դեպքերով հանրապետության դեմ հայց ներկայացնել Եվրոպական դատարանին:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու հավելել, որ ՀԱԿ-ի նման նախաձեռնությունը պարզապես անթույլատրելի է: «Ինձ համար անընդունելի է, որ Հայաստանի քաղաքական ուժերը փորձում են երկրի ներքաղաքական կնճիռները հանել երկրի սահմաններից դուրս եւ դրանք միջազգային հանրության քննարկման առարկա դարձնել: Այո, իհարկե Հայաստանում շատ հարցեր կան՝ կապված ժողովրդավարության,  մարդու իրավունքների հետ, բայց դրանք պետք է լուծվեն երկրի ներսում»,- հայտարարել է Զոհրաբյանը:

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն, իր հերթին, ՀԱԿ-ի այդ հայտարարությունն աննշան է համարել եւ նկատել. «Եթե դա իսկապես քաղաքական ուժ է, նման նախաձեռնություններով հանդես չի գա»: Իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուրադ Շարմազանովը, դատապարտելով ՀԱԿ-ի ձգտումները՝ դուրս հանել երկրի խնդիրները երկրի սահմաններից դուրս, հիշեց Չերչիլի խոսքերը. «Ես միշտ դաժանորեն քննադատում եմ երկրի իշխանություններին ներսում, բայց ինձ թույլ չեմ տալիս դրսում դա անելու շքեղությունը»: Շարմազանովն անդրադարձավ նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որով վերջինս զուգահեռներ էր տանում 2008թ. մարտի 1-ի եւ 20-րդ դարասկզբին բոլշեւիկների ապստամբության միջեւ: «Ես չգիտեի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով իր քաղաքական գործունեությամբ այդքան նպաստել է ԽՍՀՄ փլուզմանը, բոլշեւիկների նկատմամբ համակրանք ունի»,- հայտարարել է Շարմազանովը:

ՀԱԿ-ի նախաձեռնությունը դատապարտել է նաեւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը եւ ասել, որ ներքին խնդիրները պետք է լուծել երկրի ներսում: «Բոլոր հարցերը կարելի է լուծել երկխոսության միջոցով»,- ասել է նա:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը չցանկացավ մեկնաբանել ՀԱԿ նախաձեռնությունը՝ նկատելով, որ դա յուրաքանչյուր քաղաքական ուժի ներքին գործն է: «Եթե ՀԱԿ-ի կողմնակիցները հավանության կտան այդ նախաձեռնությանը…»,- բազմանշանակ լռեց նա:

Նշենք, որ սեպտեմբերի 17-ի հանրահավաքում ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը հայտնել է, որ Կոնգրեսը մտադիր է միավորել մարտի 1-ի բոլոր գործերը մեկ հայցում եւ հասնել ընդհուպ մինչեւ Եվրադատարան:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի