Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում 2015թ. դեկտեմբերի 18-ին ականի պայթյունի հետեւանքով վիրավորում ստացած` Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակիչներ` 50-ամյա Արշալույս Սահակյանն ու 61-ամյա Արտավազդ Կարապետյանն արդեն ապաքինվել են, նրանք շուտով կստանան հաշմանդամութան կարգ: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:

 «Արդեն լավ են, այժմ տանն են, մարտի 18-ին լրանում է դեպքի 3-րդ ամիսը, նրանք հաշմանդամութան կարգ կստանան, ապա պրոտեզավորման գործընթացին կանցնենք»,-ասաց գյուղապետը:

Նշենք, որ ականի պայթյունից վիրավորում ստացած Արշալույս Սահակյանին եւ Արտավազդ Կարապետյանին Նոյեմբերյանի եւ Իջեւանի բժշկական կենտրոնում  վիրահատել են. Արշալույս Սահակյանը պայթյունի հետեւանքով կորցրել է ոտնաթաթը, իսկ Արտավազդ Կարապետյանը՝ ոտքն ու ձեռքը: Ավելի ուշ նրանք տեղափոխվել էին Երեւան եւ հետագա բուժումը շարունակել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում եւ Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում 2015թ. դեկտեմբերի 18-ին, ականի պայթյունի հետեւանքով 2 մարդ վիրավորվել էր եւ տեղափոխվել հիվանդանոց։ NEWS.am-ի հետ զրույցում Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը հայտնել էր, որ Բաղանիսի բնակիչներն արգելված գոտին անցել են՝ գետի բերած ավազը տեղափոխելու եւ շինարարության նպատակով օգտագործելու համար: