Իջեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ թեկնածու Վարուժան Ներսիսյանի օգտին քվեարկելու համար մարդկանց կաշառք տալու փորձ կատարելու մեջ մեղադրվող Մարինե Ավանեսյանն արդարացվել է:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նման որոշում է կայացրել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով: Մարինե Ավանեսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Մարինե Ավանեսյանը 2015թ. սեպտեմբերի 13-ին կայացած Իջևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ թեկնածու Վարուժան Ներսիսյանի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու դիտավորությամբ անձանց կաշառք տալու եղանակով փորձել է խոչընդոտել ընտրողների կամքի ազատ իրականացմանը:
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-154-րդ հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. սեպտեմբերի 13-ին կայացած ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանը:





























