ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը հավանական չի համարում ղարաբաղյան կարգավորման գործընթացում նոր` ռուս-թուրք-ադրբեջանական ձեւաչափի ձեւավորումը, ինչի հավանականության մասին հայտարարել էր Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Նման ձեւաչափի հավանականությունը ռեալ չեմ համարում: Բայց որ մենք հայ-թուրքական արձանագրություններով Թուրքիայի ձեռքը տվել ենք լծակ, որ Թուրքիան ԼՂ հարցում ավելի հաճախ փորձի իր տեսակետը հայտնել ու ինչ-որ տեղ նաեւ ճնշում բանեցնի Մինսկի խմբի համանախագահների վրա, դա փաստ է: Մինչ արձանագրությունները Թուրքիան նման հնարավորություն չուներ, իսկ այժմ, երբ Թուրքիային ասում են վավերացրու արձանագրությունները, նա ասում է՝ խնդրեմ, բայց նախ թող Ղարաբաղի հարցը լուծվի»,-հայտարարեց Մանոյանը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է, որ Հայաստանը հետ վերցնի իր ստորագրությունը արձանագրություններից, ինչը կնշանակի, որ այսպիսով, Հայաստանը Թուրքիայի ձեռքից վերցնում է նաեւ ԼՂ հարցում միջամտություն ունենալու հնարավորությունը:
Նշենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ սեպտեմբերի 17-ի հանրահավաքում հնչած իր ելույթում հայտարարել էր. «Բոլոր նշաններն առկա են եզրակացնելու համար, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նոր` ռուս-թուրք-ադրբեջանական ձեւաչափի ձեւավորումը փաստ է դառնում: Դա չի նշանակում, անշուշտ, որ այն փոխարինելու է գալիս Մինսկի խմբին, որն, իմ կարծիքով շարունակելու է պահպանվել` թեկուզ միջազգային ջանքերի համադրման տպավորություն ստեղծելու եւ Արեւմուտքին ավելորդ տեղը չգրգռելու նպատակով: Մինչդեռ բուն գործընթացները տեղի են ունենալու նոր ձեւաչափում»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




























