Միանշանակ է, որ Գյումրիում եւ Վանաձորում կայանալիք քաղաքապետի ընտրություններին պետք է մասնակցել։ Այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
«Հրազդանում կայանալիք ընտրություններին չենք մասնակցելու: Դեռեւս որոշում էլ չունենք, թե ում կսատարենք Հրազդանում, սակայն մեզ համար ողջունելի է, որ այնտեղ ընդդիմության ներկայացուցիչ կա։ Ինչ վերաբերում է Գյումրիի եւ Վանաձորի ընտրություններին, ապա միանշանակ մասնակցելու ենք»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Կուսակցության ներկայացուցչի խոսքով, շատ շուտով հայտնի կդառնա, թե ինչ ձեւաչափով իրենք կմասնակցեն այդ ՏԻՄ ընտրություններին։
Հիշեցնենք, որ այս տարի ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան Հանրապետության մի քանի համայնքներում, այդ թվում Հրազդանում, Վանաձորում, Սպիտակում եւ Գյումրիում։ Հատկապես Գյումրիում եւ Վանաձորում սպասվում են թեժ ընտրություններ։





























