Ընտրական օրենսգրքի ներկայացված նախագծում մտահոգություն է առաջացնում նախ եւ առաջ  էլեկտրոնային գրանցման հետ կապված անվտանգության երաշխիքի հարցը. Ո՞վ է երաշխիք տալիս ծրագրային ապահովության առումով,  այսինքն, որ  միջամտություն չի լինելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ նկատելով, որ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ԲՀԿ-ն դեռ քննարկումները չի ավարտել, սակայն ինքն ունի իր մտահոգությունները։

«Մի քանի խնդիրներ կան, որ, բնականաբար, մտահոգություն առաջացնում են։  ԲՀԿ-ի  քննարկումները դեռեւս ընթացքի մեջ են, սակայն ես իմ տեսակետը կասեմ։  Մտահոգություն է առաջացնում նախ եւ առաջ  էլեկտրոնային գրանցման հետ կապված անվտանգության երաշխիքի հարցը։ Ով է երաշխիք տալիս ծրագրային ապահովության առումով,  այսինքն, որ  միջամտություն չի լինելու։ Եթե ընդունենք, որ ՍԴ որոշում կա, որ քվեարկության մասնակցությունը գաղտնի է, միեւնույն է եթե մենք չեն ապահովում  էլեկտրոնային գրանցման ծրագրային գաղտնիությունը, երաշխիք չկա, որ այդ կետը կպահպանվի։ Այդ երաշխքիը ես չեմ տեսնում ԸՕ-ի ներկա նախագծում։ Այժմ նշվել է միայն էլեկտրոնային գրանցման մասին, էլեկտրոնային քվեարկություն  չկա, սա էլ դեռ պետք է հասկանալ, այս մասով էլ խնդիր կա»,-ասաց Միքայել Մելքումյանը։

Ըստ պատգամավորի՝ հակասություն կա սահմանադրությամբ ամրագրված համամասնական ընտրակարգի եւ Ընտրական օրենսգրքի նախագծով ներկայացված համամասնական ռեյտինգային ընտրակարգի միջեւ։

«Բավականին լուրջ մտահոգություն է առաջացնում վարկանիշային համամասնական ընտրակարգը։ Ըստ էության, Սահմանադրության հոդվածներից մեկը հակասության մեջ է մտնում ընտրական օրենսգրքի հետ, որովհետեւ երբ ասում ենք համամասնական ընտրակարգ, համամասնական ցուցակ, հասկանում ենք, որ ամբողջ հանրապետությանն է վերաբերում, բայց այն պահը, որ առանձին կլինի քաղաքական թիմի  թեկնածուների ցուցակը տարբեր ընտրատարածքներում, սա խնդիր է։  Այսինքն՝ ամբողջ հանրապետության համար պիտի լինի մեկ ցուցակ։ Այս առումով խնդիրն այն է, ոնց որ կիսատ համամասնականի բաղադրիչ է պարունակում նախագիծը, ինչի հետ կապված մտահոգություն կա»,-ամփոփեց պատգամավորը։

 Նա մեկ անգամ եւս ընդգծեց, որ իրենց խմբակցության  կարծիքն այս նախագծի վերաբերյալ կներկայացնեն ավելի ուշ։

Նշենք, որ Կառավարության կողմից հրապարակվել է Ընտրական օրենսգրքի նախագիծը: Այն պետք է ընդունվի մինչեւ հունիսի 1-ը: