Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարները Բաքվում դեմառդեմ եւ ընդլայնված ձեւաչափով հանդիպումներ են ունեցել։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ համագործակցության ակտիվացման հարցերը։
Report-ի փոխանցմամբ՝ այս մասին Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպման ավարտին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ «Մեր միջեւ փոխադարձ հանդիպումների լավ ավանդույթ է ձեւավորվել։ Վրաստանի հետ մեր հարաբերությունները ավելին են, քան ռազմավարական համագործակցությունը»,- ասել է Մամեդյարովը եւ հիշեցրել, որ անցյալ ամիս Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարները բանակցություններ են վարել, եւ այս հանդիպումը դրա տրամաբանական շարունակությունն է։ «Մենք քննարկել ենք երկկողմ հարցերը, այդ թվում՝ «Հարավային գազային միջանցքը»։ Մեր երկրների միջեւ համագործակցությունը էներգետիկ ոլորտում շատ խորն է»,- ասել է Մամեդյարովը, ով նշել է, որ կողմերը քննարկել են նաեւ տրանսպորտային հարցերը։ «Բաքու- Թբիլիսի-Կարս երկաթուղին համապատասխանում է Ադրբեջանի եւ Վրաստանի ազգային շահերին»,- հավելել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Վրաստանի արտգործնախարարին ընդունել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ով նշել է, որ համագործակցությունը ակտիվորեն շարունակվում է քաղաքական, տնտեսական, էներգետիկ, հումանիտար ոլորտներում։




























