Եթե ուզում ենք ունենալ այնպիսի Ընտրական օրենսգիրք, որը վերջ կդնի ընտրակեղծիքներին, պետք է ընդունել ընդդիմադիր ուժերի առաջարկները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն՝ անդրադառնալով ԸՕ-ի նախնական նախագծին, որտեղ տեղ չեն գտել ընդդիմության առաջարկները։

«Ընդդիմադիր չորս ուժեր անցած տարի ստորագրել էին Ընտրական օրենսգրքի փոոխությունների մի նախագիծ,  որտեղ ամրագրված էին կարեւորագույն դրույթներ։ Ժառանգությունն էր միացել, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ  ՀԱԿ-ը։ Մեզ համար ամենակզբունքային հարցը քվեարկված ցուցակների հրապարակայնացումն է»,- նշել է նա։

ՕԵԿ-ական պատգամավորը նշեց, որ ծմբակցությունը մոտ  երկու տասնյակ առաջարկներ ունի, որը կներկայացնեն ԱԺ լսումների ժամանակ։

Անդրադառնալով ցուցակաների հրապարակայնացման անհրաժեշտությանը՝ շեշտեց, որ ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է հարցը եւ եկել են այն եզրահանգման, որ Վենետիկի հանձնաժողովում ամրագրված դրույթը ոչ թե վերաբերում է քվեարկության մասնակցության գաղտնիությանը, այլ քվեարկությանը։ 

«Արդեն իսկ կա Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որ  մասնակցությունը գաղտնի չէ, ուղղակի քվեարկությունն է գաղտնի, վերջին հանդիպման ժամանակ էլ դա ասեցին։ Առավել եւս որ հիմա անկաշկանդ տեսանկարահանում է իրականացվում տեղամասում, ինչ գաղտնիության մասին է խոսքը»,-ասաց պատգամավորը։

Դիտարկմանը, թե կարծո՞ւմ է, որ իշխանությունը կամք կդրսեւորի եւ առանցքային առաջարկները կընդգրկի նախագծի վերջնական տարբերակում, Մարգարյանն ասաց. «Եթե մենք ուզում ենք ունենալ այնպիսի Ընտրական օրենսգիրք, որ վերջ կդնի ընտրակեղծիքներին, այդ մի քանի կարեւորագույն առաջարկները պետք է ընդունեն»,-ասաց նա։