Չի բացառվում, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի 65-րդ նստաշրջանում նոր բանաձեւ ներկայացնի: Այսօր՝ սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց  ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` անդրադառնալով ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ներկայացրած բանաձեւին: «Ես համոզված են, որ բանաձեւը չէր հանվի, եթե չլիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջամտությունը: Իսկ այդ միջամտության արդյունքն այն էր, որ այն, ինչ ակնկալվում էր, որ պետք է այդ բանաձեւով կատարվի՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մոնիտորիգի անցկացումը, ստանձնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,-հայտարարեց Մանոյանը:  

NEWS.am-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատի ՀԱԿ-ի կողմից ներկայացված բանաձեւի նախագիծը, որը իշխանությունները պետք է ներկայացնեն ՄԱԿ, դաշնակցական գործիչը պատասխանեց, որ այդ բանաձեւը սահմանափակում է իշխանությունների կողմից իրականացվելիք քայլերը: «Եթե իշխանությունը պատրաստվում էր ներկայացնել որեւէ բանաձեւ, այյժմ կարող է վարանել, մտածելով, որ եթե որեւէ բանաձեւ ներկայացնի, կստացվի, որ ՀԱԿ-ի ասածն է անում»,- ասաց նա:

Կիրո Մանոյանը նշեց նաեւ, որ երբ իշխանության էր ՀՀՇ-ն, ՀՅԴ-ն համագործակցել է այն ժամանակվա իշխանությունների հետ: «Հատկապես Լիսաբոնի ձախողությունից հետո, եւ դա եղավ իրենց կողմից դիմումի արդյունք: Իրենք առաջարկ արեցին եւ գործակցեցին, բայց դա մենք չքաղաքականացրինք: Բայց իրենք հիմա փորձում են քաղաքականացնել եւ կարծում եմ, դրանով իշխանությունների հնարավորությունները սահմանափակում են»,- նշեց Մանոյանն ու հավելեց, որ ՀԱԿ-ը նույն առաջարկը  կարող էր անել ոչ հրապարակավ, ինչին գուցե իշխանությունները դրական արձագանքեին:

Ինչ վերաբերում է բուն բանաձեւի վերաբերյալ գնահատականին, Մանոյանը  որեւէ կոնկրետ բան այդ մասին չասաց: Նա բավարարվեց  նշելով, որ «այսօր այդ բանաձեւը չի հարցը, այլ  բոլորի  աշխատանքը պիտի լինի ՄԱԿ-ի օրակարգից հանել Ադրբեջանի ներկայացրած բանաձեւը»:

Նկատենք, որ ՀԱԿ ներկայացրած՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված իրավիճակի վերաբերյալ» վերնագրով բանաձեւի նախագծում հղում է արվում միջազգային մի շարք փաստաթղթերի: