Այս տարի լրանում է Հատուկ ջոկատի ստեղծման 20-ամյակը։ Շնորհիվ այն գնի, որ նրանք վճարեցին, շնորհիվ անկախության համար ինքնազոհողության գնացած մեր մարտիկների, Հայաստանը վաղը կնշի անկախության 19-ամյակը։ Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այ մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ շնորհավորելով Հատուկ ջոկատի 20-ամյակի եւ Հայաստանի անկախության տոների առթիվ։
Արմեն Մարտիրոսյանը, մասնավորապես, նշեց. «Մենք նվաճել ենք մեր անկախությունը, սակայն մինչ այժմ չենք ուզում իմանալ, թե ինչ գին ենք վճարել դրա համար։ Մենք չենք ցանկանում հանուն Հայաստանի առաջընթացի օգտվել անկախությունից։ Շատ ժողովուրդներ են երազում անկախության մասին, որպեսզի զարգանան համաձայն իրենց ազգային շահի։ Սակայն այսօր մեր երկրում վարվող քաղաքականությունը հակառակն է ապացուցում։ Իշխանության որոշ ներկայացուցիչների համար անկախությունը բեռ է, այլ ոչ՝ հետագա զարգացման հնարավորություն»։
Մարտիրոսյանի խոսքով, արյան եւ մեր ժողովրդի համբերության գնով ստացած անկախությունը պետք է պահել-փայփայել ապագա սերունդների համար, որպեսզի նրանց հնարավորություն տրվի ավելի զարգացած եւ հզոր Հայաստանում ապրել։
Նշենք, որ Անկախության տոնը Հայաստանում նշվում է սեպտեմբերի 21-ին։





























