Անուշ տատը (անունը փոխված է)  թաղամասի հարակից բարեգործական ճաշարանում վերջին անգամ մարտի 4-ին է ճաշել: Ճաշարանում աշխատանքային օրերին մեկանգամյա սնունդ են ստանում Վանաձորի սոցիալապես անապահով տարեցները: Նրանց մեծ մասը թեև երեխաներ ունեն, սակայն այժմ միայնակ են ապրում:

Հանգստյան ու տոնական օրերին ճաշարանը չի գործում: Սա նշանակում է, որ ճաշարանի շուրջ 100 շահառուներն այդ 4 օրերին օրերին ինքնուրույն պետք է հոգան սննդի հարցը: Անուշ տատն ասում է, որ գումար չունենալու պատճառով այս օրերին նույնիսկ հաց չի կարողացել գնել:

«Աշխատանքային օրերին էլի լավ էր, գնում էի ճաշարան, ճաշի կեսն ուտում, կեսը հետս տուն էի բերում, որ յոլա գնամ: Բայց հիմի հացի փող չունեմ, որ գոնե հաց առնեմ: Մեկ մեկ հարևանուհիս ա գալիս, կանչում հաց ուտելու, էդ էլ ամաչում եմ գնալ»,- պատմում է  տատը:

Անուշ տատը նաև լրատվամիջոցով իր  կարիքների ու վիճակի մասին բարձրաձայնելուց է ամաչում, բայց այլընտրանք չունենալով, պատմում է իր մասին ու խնդրում, որ գոնե անունը չգրենք: 

5 երեխաների մայրը մի քանի օր առաջ է դարձել 60 տարեկան: Երեխաներից ոչ մեկը սակայն, չի շնորհավորել մորը:

«Ամբողջ օրը սպասողական վիճակում էի, բայց ո՞ւր ա, չզանգեցին»,- ասում է նա ու արտասվում:

Բազմազավակ մայրը մարտի 8-ին էլ որևէ հեռախոսազանգի ու շնորհավորանքի ակնկալիք չունի:

Ասում է. «Որ 60-ամյակիս չեն զանգել, հիմի էլ չեն զանգի»:

60-ամյա կինը ուզում է աշխատել, սակայն Վանաձորում նույնիսկ երիտասարդների համար աշխատանք չկա, իր տարիքի կնոջը ոչ ոք աշխատանք չի տալիս: Ոչ թոշակ է  ստանում, ոչ էլ օգտվում է ընտանեկան նպաստի համակարգից: Ասում է, խոստացել են, որ գոնե ապրիլից երեք ամսով հրատապ օգնություն կհատկացնեն: Թե ինչպես է ապրելու մինչ ապրիլ, չի պատկերացնում: