ՌԴ նախագահը ողջունել է 39-րդ Համաշխարհային շախմատային Օլիմպիադայի մասնակիցներին: Մեդվեդեւի տեսաուղերձը կհնչի այսօր` սեպտեմբերի 20-ի երեկոյան Խանտի Մանսիյսկում կայանալիք Օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողության ժամանակ:

«Այս օրերին Խանտի Մանսիյսկում են հավաքվել 160 պետությունների ներկայացուցիչներ: Աշխարհի առաջատար շախմատիստները լավագույնի կոչման համար լարված մրցամարտերում ցուցադրելու են իրենց վարպետությունն ու բնավորության ուժը: Իսկ ազգային ֆեդերացիաների պատվիրակները պետք է քննարկեն պրոֆեսիոնալ խնդիրներ եւ ընտրեն ՖԻԴԵ-ի առաջնորդներին` առաջիկա չորս տարվա համար: Այսպիսի ներկայացուցչական հանդիպումների անցկացումը Ռուսաստանում մեկ անգամ եւս հաստատում է հայրենական շախմատային դպրոցի բարձր հեղինակությունը»,- ասված է Մեդվեդեւի ուղերձում:

«Վստահ եմ, որ 39-րդ Համաշխարհային շախմատային Օլիմպիադայի եւ ՖԻԴԵ-ի 81-րդ Կոնգրեսի արդյունքները կծառայեն շախմատի ժողովրդականության բարձրացմանը, մարզական շփումների հետագա զարգացմանը, որպես միջազգային համագործակցության կարեւոր մաս: Մաղթում եմ ձեզ հաջողություն եւ ամենայն բարիք»,- նշված է ուղերձում:

Հիշեցնենք, որ Օլիմպիադան մասնակիցների թվով ռեկորդային է` տղամարդկանց 160 եւ կանանց 120 թիմեր: Այսօր տեղի կունենա բացման հանդիսավոր արարողությունը, իսկ վաղը` մրցումների առաջին տուրը: Հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 3-ին: