Ճապոնիայի կառավարությունը փոփոխություններ է կատարել ավելի քան 100 տարի առաջ ընդունված օրենքում, որը կնոջն արգելում է ապահարզանից հետո վեց ամսվա ընթացքում կրկին ամուսնանալ: Այդ ժամկետը հիմա 100 օր է:

Ըստ ՏԱՍՍ-ի, եթե կինը բժշկական տեղեկանք ներկայացնի, որ ամուսնալուծության ժամանակ հղի չի եղել, արգելքն ընդհանրապես վերանում է:

Հնացած օրենքն անելանելի իրավական դրության մեջ էր դնում «արգելված» վեցամսյակի ընթացքում ծնված երեխաներին: Հաճախ իրավաբանորեն նրանց հայր էր համարվում տղամարդը, որը որեւէ կապ չունի երեխայի հետ: Ներկայում հայրը, գործող կարգի համաձայն, չի կարող հայրության հավակնություն ունենալ: Արդյունքում այդպիսի երեխաները կարող են ընդհանրապես փաստաթղթեր չունենալ, ինչը բազմաթիվ խնդիրներ կծնի:

Ավելի վաղ այդպիսի օրենքներ գոյություն ունեին նաեւ Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Հարավային Կորեայում, սակայն ամենուր չեղարկվել են՝ համարելով, որ դրանք հնացած են: