Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում երեկ՝ սեպտեմբերի 19-ին, կայացած պատարագը Թուրքիայի հանդեպ Հայաստանի ամոթալի դիվանագիտության հետեւանք է։ Այս մասին սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանի խոսքով, այդ միջոցառումը տեղի ունեցավ շնորհիվ «հայկական կողմի ջանքերի», որոնք դրսեւորվեցին Թուրքիայի հետ ամոթալի քաղաքականության եւ հայ-թուրքական արձանագրությունների միջոցով։ «Հայկական կողմը երեւի չէր էլ պատկերացնում, թե ինչ խաղի մեջ է մտնում։ Այդ բանակցություններում կողմերի համար հավասար պայմաններ ներկայացված չէին։ Մենք մեր քաղաքականությամբ, թուրքական կողմին հնարավորություն տվեցինք տարածաշրջանային առաջնորդի կարգավիճակ ստանալ։ Ցավոք, մինչ այժմ հայաստանյան իշխանությունները չեն ցանկանում խոստովանել այդ սխալը եւ հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչել խորհրդարանից»,- հայտարարեց Մարտիրոսյանը։

Այս համատեքստում պատգամավորը նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունների առկայությունը Ազգային ժողովում Թուրքիայի դիվանագիտական հաղթանակն է։ Նա նաեւ հայտարարեց հայ-թուրքական արձանագրույթյունների՝ խորհրդարանի մեծ օրակարգից դուրս բերելու «Ժառանգության» պատրաստակամության մասին։