Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը քննադատել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումը:
«Կոմերսանտին» տված հարցազրույցում նա հիշեցրել է, որ «մենք ստիպված ենք ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում հավասարակշռությունը պահպանելու եւ նոր լարվածություն թույլ չտալու համար»:
«Վերջին տարիներին Ադրբեջանը բազմիցս մեծացրել է իր ռազմական ծախսերը: Մենք դաշնակցային ռազմավարական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, շատ սերտ ռազմական, այդ թվում ռազմատեխնիկական համագործակցություն: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք զենք ենք գնում առաջին հերթին մեր ռազմավարական դաշնակցից, մենք այսուհետ եւս սերտորեն համագործակցելու ենք Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական առումով: Այն, որ Ռուսաստանը, որպես զենքի խոշորագույն արտադրողներից մեկը, զենք է վաճառում տարբեր երկրների, բնական է, սակայն մենք չենք կարող ոգեւորված լինել, որ Ադրբեջանը զենք է գնում եւ գրեթե ամեն օր սպառնում նոր պատերազմ սկսել: Մեզ չի կարող դուր գալ, որ նա զենքը գնում է մեր ռազմավարական դաշնակցից, որը մեծ ջանքեր է գործադրում Հայաստանի հետ համագործակցության համար, այդ թվում ՀԱՊԿ շրջանակներում»,-հայտարարել է Նալբանդյանը:





























