Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ առաջիկայում Մոսկվա կատարվելիք այցի շրջանակներում կքննարկեն ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցերը։ Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչ կետեր են ներառված այդ այցի օրակարգում, նախարարը հիշեցրել է, որ երկու երկրների ղեկավարները, վարչապետներն ու պատգամավորները տարեկան 20-30 հանդիպում են ունենում։
«Համագործակցության ծավալները եւ հարաբերությունների խորությունը, ինչպես նաեւ դրանց հետ կապված հարցերը ամենաբարձր մակարդակով կանոնավոր անմիջական քննարկումներ են պահանջում։ Մեր երկրների առաջնորդների հերթական հանդիպումն ուղղված կլինի նախկինում ձեռք բերած համաձայնությունների իրականացման քննարկմանը, ինչպես նաեւ կնշի քայլերը, որոնք ուղղված են լինելու մեր միութենական ռազմավարական համագործակցության ամրապնդմանը»,- նշել է Նալբանդյանը։




























