«Բարգավաճ  Հայաստան» կուսակցությունում որեւէ խնդիր  չկա, ընդամենը  մեկ-երկու պատգամավորի հետ կան տարաձայնություններ կուսակցության քաղաքական գծի վերաբերյալ՝ թե արդյոք կուսակցությունը պետք է մնա ընդդիմադիր դիրքերում: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ներսում տեղի ունեցող խմորումների վերաբերյալ հարցին: Նրա խոսքով, խնդիրը հարթվել է եւ կուսակցությունը կայացրել է որոշում՝ մնալ ընդդիմադիր դաշտում:

«Բոլոր գործընկերները, բոլոր տարածքային կառույցի ղեկավարներն ու պատասխանատուները համախմբված են իմ շուրջը, կուսակցությունում որեւէ խնդիր չկա: Այդ ամենը հստակ հրահրվում է խմբակցության մեկ գործարար պատգամավորի կողմից, որի անունը չեմ ուզում հրապարակել, բայց շուտով նրա հարցը առաջիկայում խմբակցությունը կքննարկի: Նշյալ մարդն, ըստ էության,  իր ծրագրերում մնացել է միայնակ, որովհետեւ խմբակցության որեւէ պատգամավոր,  ոչ էլ տարածքային կառույցի որեւէ պատասխանատու չի համաձայնել մասնակից դառնալ իր տարատեսակ դավադրություններին: Կուսակցությունը գնում է ինքնազտման, ինքնաառողջացման  ճանապարհով, առջեւում խորհրդարանական ընտրություններն են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է լուրերին, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը լքելու է կուսակցությունը, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նրա հեռանալը կուսակցությունից անակնկալ չի լինի, որովհետեւ նա տարաձայնություններ ունի կուսակցության քաղաքական գծի հետ:

«Նա  որպես ազնիվ մարդ չի ցանկանում ինքն իրեն կեղծել, տարաձայնություններ ունի կուսակցության քաղաքական գծի հետ, մենք հարգում ենք  մեր գործընկերոջ դիրքորոշումը եւ, եթե կայացնի որոշում կուսակցությունից հեռանալու, մենք միանշանակ հարգանքով կվերաբերվենք այդ որոշմանը: Նա բացարձական իրավունք ունի իր մոտեցումն ունենալու»,-ասաց նա:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ԲՀԿ անդամ Վահան Բաբայանը այսօր հայտարարելու է կուսակցությունը լքելու մասին: «Ժամանակ» թերթի փոխանցմամբ, նա միակը չէ, որ մեղադրում է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին սխալ քաղաքական որոշում կայացնելու համար: «ԲՀԿ տարածքային կառույցների հետ աշխատանքի գծով պատասխանատու Աբրահամ Մանուկյանը եւս անթաքույց աշխատում է կուսակցության նախագահի դեմ: Նա հայտարարում է, որ Զոհրաբյանը «պաթոլոգիկ ընդդիմադիր է» եւ կուսակցությունը տանում է կործանման: Մեզ հասած տեղեկություններով՝ Ա. Մանուկյանն այժմ զբաղված է դժգոհներին կազմակերպելով, որպեսզի խմբովին դուրս գան կուսակցությունից»,-գրել է թերթը: