Քաղաքացի Սմբատ Ա.-ն ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Երեւան քաղաքի «Ծիրանի» սուպերմարկետի մոտ իր ավտոմեքենայի մեջ երկու անձ ծեծի են ենթարկել իրեն եւ պատճառել ֆիզիկական ցավ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքացի Սմբատ Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ կատարվել նախաքննություն:

Հետագայում ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է: