Բանակում խաղաղ պայմաններում զոհված ժամկետային զինծառայող Վալերի Մուրադյանին ինքնասպանության հասցնելու գործի վարույթը կասեցրել են, սակայն դրա մասին ընտանիքի անդամները պատահական են իմացել: Այսօր՝ մարտի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը զինծառայողի մայրը՝ Նանա Մուրադյանը ասաց, որ վարույթը կասեցրել են նախորդ տարվա դեկտեմբերին, այդ մասին իրենք իմացել են այս տարվա փետրվարին:
«2011թ. գործը կասեցվել էր: Փետրվարին, երբ նախագահը մեզ հանդիպեց նախագահականի մոտ ու խոստումներ տվեց, կասեցումից հանեցին ու վերսկսվեց: Գործը նորից կասեցրել էին մեղադրյալի անհայտ լինելու պատճառով դեկտեմբերին, բայց ես դրա մասին տեղեկացել եմ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հավաքած տեղեկանքներից, որոնք մեզ էին հանձնել»,- պատմեց նա՝ նշելով, որ իրենք բողոք են ներկայացրել այդ որոշման դեմ:
Նանա Մուրադյանը նշեց, որ ինքը վստահ է՝ որդուն սպանել են, նա ինքնասպան չի եղել:
«Դրա մասին վկայող բազմաթիվ հետքեր կային, ոչ մի պատշաճ բացատրություն չենք ստացել մեր հարցերին, թե որտեղից են առաջացել դրանք: Խորը ակոսին զուգահեռ արյունազեղում կա ժապավենաձեւ, բայց չեն բացատրում՝ ինչից է դա առաջացել»,- ասաց նա:
Զինծառայողի մայրը պատմեց, որ սպանությունից օրեր առաջ որդին զանգահարե, իրեն ասել է, որ ականատես է եղել վառելանյութի գողության:
Նինա Մուրադյանը նշեց, որ փորձել են անգամ գործն այլ ուղղությամբ տանել, իր տղայի ծառայակիցներից մեկին որպես վկա են ներգրավել, որը ցուցմունք է տվել, թե Վալերիկը տնից «պլան» է ուզել:
«Ես միջնորդեցի, որ առեւերսվենք, ձգձգեցին, հետո ասեցին, որ հերքվել է այդ վարկածը: Որ Հոկտեմբերյանում ենք ապրում, ու հումորային հաղորդումներում էլ ասում են, թե մեր մոտ պլան կա, ուզել են էդպես տանել գործը»,- ասաց մայրը:
Խաղաղ պայմաններում զոհված մեկ այլ զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը Իրինա Ղազարյանը նշեց, որ իր որդու գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով, սակայն ինքը շարունակելու է պայքարել: Նրա խոսքով՝ որդու սպանությանը վկա է եղել մի զինծառայող, որին վերջին շրջանում դուրս են հանել հանրապետությունից:
Զինծառայողների մայրերը պատգամավորներից, նախարարներից ու նախագահից խնդրում են բացահայտել իրենց որդիների գործերը:
«Մեզ մեղավոր ենք զգում, որ մինչեւ հիմա մեղավորները չեն պատժվել: Ես մահացած մարդ եմ, ապրում եմ հանուն նրա, որ իմ երեխուն սպանողը պատժվի: Թող պատժեն, որ մենք էլ գնանք մեր տուն մեր սուգը սգանք: Ինձ հաճելի չի ամեն անգամ Հոկտեմբերյանից գամ նախագահականի մոտ ու ոստիկաններն էլ ինձ քաշքշեն»,- ասաց Նանա Մուրադյանը:





























