Հայաստանի Ընտրական օրենսգրքի վերջնական տարբերակը կմշակվի եւ կընդունվի երկրի քաղաքական ուժերի հետ փոխզիջման գալու արդյունքում։ Այս մասին մարտի 9ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Անդրադառնալով այն հարցին, որ ԸՕ նախագիծը Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել առանց քաղաքական ուժերի հետ համաձայնեցնելու, Շարմազանովը նշել է, որ Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախնական տարբերակը պետք է սկզբում քննարկել մասնագետների հետ։ «Դժգոհության որեւէ առիթ չկա։ Ես՝ որպես Ազգային ժողովի փոխխոսնակ, պաշտոնապես հայտարարում եմ. չի լինելու մի հարց, որը խորհրդարանում չքննարկվի։ Մենք կլսենք ընդդիմության բոլոր առաջարկները, իշխանությունը պատրաստ է լսել բոլորի կարծիքը։ Ներկայիս նախագծում առաջին հերթին կան խնդիրներ, որոնց մասին ասել են մեր եվրոպացի գործընկերները»,- ասել է Շարմազանովը եւ հավելել, որ Ընտրական օրենսգրքի նպատակը հասարակության մեջ վստահության մակարդակը բարձրացնելն է։ «Ես չեմ ասում, որ մենք պետք է ընդունենք բոլոր առաջարկները, սակայն մենք պատրաստ ենք լսել եւ քննարկել ցանկացած ռացիոնալ գաղափար»,-ասել է ԱԺ փոխխոսնակը։





























