Ընտրական օրենսգրքի ներկայիս տարբերակի ընդունվելու դեպքում «համապետական շիլաշփոթ» կսկսվի: Այսօր՝ մարտի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Այս նախագծում վիճահարույց դրույթներ կան, որոնք կասկածի տակ կարող են դնել լեգիտիմ իշխանության ձեւավորումը: Կարծիքը, թե մենք անցում ենք կատարում հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին, իրականությանը չի համապատասխանում. մեծամասնականը ոչ թե իր տեղն է զիջել, այն անվանումն է փոխվել»,- ասաց Նորայր Նորիկյանը:

Փաստաբանի կարծիքով՝ հատկապես 67-րդ հոդվածն է խնդրահարույց, երբ առաջին անգամ Հայաստանում «գունավոր ընտրություն» է իրականացվելու. ընտրողը պետք է ընտրի այս կամ այն գույնի քվեաթերթիկը, որը վերաբերում է կոնկրետ կուսակցության. «Նույն հոդվածով էլ որ կուսակցությանն ընտրում է քաղաքացին, այդ կուսակցությունից էլ թեկնածուի պետք է ընտրի: Սա նշանակում է, որ եթե ՀՀԿ-ին ես ձայն տալիս, ապա չես կարող այլ կուսակցության ներկայացուցչի օգտին քվեարկել»:

Նորայր Նորիկյանի կարծիքով՝ մտահոգիչ է նաեւ 31-րդ հոդվածի 5-րդ կետը, որի համաձայն՝ հանձնաժողովի նախագահը կարող է հեռացնել վստահված անձանց, դիտորդներին եւ ԶԼՄ ներկայացուցիչներին: Փաստաբանը հորդորեց պայքարել, որ այս դրույթը հանվի:

«Թե տեղական, թե միջազգային հասարակական կազմակերպությունները կարող են ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնել, եթե ունեն ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի կամ ԿԸՀ նախագահի լիազորագիրը: Սա նշանակում է, որ դիտորդական առաքելություն կիրականացնեն այն անձինք, որոնք հաճո են ՀՀ իշխանություններին»,- հավելեց Նորիկյանը:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ: Հաջորդ շաբաթ արդեն իսկ սպասվում են խորհրդարանական լսումներ:

Օրենսգիրքը պետք է ընդունվի մինչեւ հունիսի 1-ը: