Տաքսիների լիցենզավորման կարգը պետք է ոչ թե վերացնել, այլ ավելի խստացնել: Այս մասին, այսօր` մարտի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ի նախագահ Գեւորգ Դոստուրյանը:

«Չլիցենզավորված տաքսիստները պահանջում են հանել լիցենզավորման կարգը, մինչդեռ այդ կարգը պետք է ավելի խստացնել, որպեսզի անօրինական աշխատող տաքսիները դուրս գան դաշտից»,- ասաց նա:

Նրա խոսքով` դեռ նախորդ շաբաթվանից բազմաթիվ անհատ տաքսու վարորդներ` Տիգրան Հովհաննիսյանի գլխավորությամբ, պահանջում են ներկայումս գործող լիցենզավորման կարգի փոխարեն ներդնել կրպակներից տաքսի վարելու կտրոններ գնելու տարբերակը` 12.000 դրամ ամսավճարի փոխարեն սահմանելով 6.000 դրամ: Գեւորգ Դոստուրյանը դեմ է խնդրի լուծման այս տարբերակին:

«Բոլորն ասում են` որ անօրինական աշխատող տաքսիստները եկամուտ են թռցնում իրենցից, լիցենզավորվածները չեն կարողանում գումար աշխատել, բայց չեն հասկանում, որ 12.000-ը 6.000 դրամ դարձնելով ու կրպակներից գնելով`ավելի է հեշտացվելու տաքսի վարելու կարգը, ավելի շատ մարդ է սկսելու տաքսի վարել,  եւ խնդիրը լուծվելու փոխարեն ավելի է սրվելու»,- ասաց Գեւորգ Դոստուրյանը:

Նրա խոսքով` Տիգրան Հովհաննիսյանի եւ անհատ տաքսու վարորդների մյուս պահանջը` կապված տաքսիների համար Երեւանում կայանատեղիներ սահմանելու հետ, աբսուրդային է եւ իրականում  չի կարգավորելու տաքսիների դաշտը:

«30.000 տաքսու համար տե՞ղ Երեւանում, դա չլինելու բան է, էդքան տեղ չկա ուղղակի: Այդ մարդիկ չեն հասկանում, որ իրենց առաջարկությունները եթե ընդունվեն էլ, միեւնույն է, չեն լուծելու այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ տաքսիստները բարձրացնում են»,- ասաց նա: