Իհարկե Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախագծում փոփոխություններ կկատարվեն, եթե նորմալ, ռացիոնալ առաջարկներ հնչեն։ Այս մասին մարտի 9-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա հիշեցրել է, որ փաստաթղթի վրա աշխատել է մասնագետների խումբ։ Շարմազանովի կարծիքով այս փուլում ցանկացած դժգոհություն անհիմն է, քանի որ քննարկումները նոր պետք է սկսվեն։ «Ո՞վ է ասել, որ ՀՀԿ-ն ամենախելացին է, եւ կուսակցության դիրքորոշումը քննարկման ենթակա չէ։ Մեր խոսքը դոգմա չէ։ Դա հարցի մեր տեսլականն է։ Սակայն մեր գործընկերները բաներ են ասում, որոնք իրականության հետ կապ չունեն»,- ասել է ԱԺ փոխխոսնակը։
Նա հիշեցրել է, որ կա Սահմանադրական դատարանի որոշումը, որի համաձայն քվեարկածների ցուցակները հրապարակելը հակասում է երկրի Հիմնական օրենքին։ «Մենք ավտորիտար երկրում չենք ապրում, որտեղ նախագահը գրչի մի հարվածով Սահմանադրական դատարանի որոշումը անվավեր ճանաչի։ Այլ հարց է, որ մենք պետք է մեխանիզմներ մտածենք հասարակության մեջ ընտրությունների նկատմամբ վստահության մեծացման համար»,- եզրափակել է Շարմազանովը։





























