Առաջարկվող ընտրական օրենսգրքով, ըստ էության ոչ թե 100 տոկոս համամասնական ընտրակարգ ենթադրող փաստաթուղթ է ներկայացվել (ինչպես որ նախատեսված է նոր Սահմանադրությամբ), այլ հիբրիդային, այն է` մեծամասնական ու համամասնական ընտրակարգի խառնուրդ: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԳ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը:

Նա մասնավորապես, նշել է.

«Ծանոթանալով նոր Ընտրական օրենսգրքի նախագծին՝ ուզում եմ ներկայացնել հետեւյալ դիտարկումները եւ գնահատականները: Սկսեմ նրանից, որ հանրությանն ըստ էության ոչ թե 100 տոկոս համամասնական ընտրակարգ ենթադրող փաստաթուղթ է ներկայացվել (ինչպես որ նախատեսված է նոր Սահմանադրությամբ), այլ հիբրիդային, այն է` մեծամասնական ու համամասնական ընտրակարգի խառնուրդ:

Ընդ որում` այսօրվա համեմատ մեծամասնական տեղերը փաստացի ավելացել են:

Օրենսգրքում տեղ են գտել ոչ միանշանակ ու վիճելի բազմաթիվ ձեւակերպումներ, որոնք վերաբերում են ինչպես ընտրությունների անցկացման բուն գործընթացին, այնպես էլ ապագա իշխանության ձեւավորմանը:

Ակնհայտ է, որ բոլոր շրջանակների մոտ առաջացել են բազմաթիվ հարցեր եւ դժգոհություններ:

Ակնհայտ է նաեւ, որ անհրաժեշտ է հասարակական ու քաղաքական լայն համախմբում` Ընտրական օրենսգիրքը բոլորի համար ընդունելի դարձնելու եւ ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին մոտեցնելու համար:

Առաջարկներս հետեւյալն են.

Առաջին, ապահովել ընտրողների մատնահետքերով միասնական էլեկտրոնային համակարգի ներդրում` բացառելու կրկնաքվեարկությունը (կարելի է հիմք ընդունել վրացական փորձը): Մտահոգիչ է նաեւ բազմատեսակ փաստաթղթերով եւ լրացուցիչ ցուցակներով քվեարկելու հնարավորության ընձեռումը:

Երկրորդ, մաքրել ընտրական ցուցակները եւ դրանք նախապես հրապարակել, իսկ քվեարկությունից հետո հրապարակել քվեարկողների ցուցակները:

Երրորդ, վերանայել ռեյտինգային քվեարկության առաջարկվող մոդելը՝ այն համահունչ դարձնելով նոր Սահմանադրության տառին ու ոգուն:

Չորրորդ, հանել բոնուսային մանդատների հատկացման մասին դրույթը: Քանի որ նոր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս կոալիցիաներ կազմել եւ խորհրդարանի 2/3-ի ձայներով Սահմանադրության որոշ դրույթներ փոխել, խիստ կարեւոր է յուրաքանչյուր մանդատի արժեքը, որը պետք է տրվի միմիայն ժողովրդի քվեով:

Հինգերորդ, հանել կոալիցիաների ձեւավորման համար կուսակցությունների թվի սահմանափակումը, քանզի այն հակասում է պառլամենտարիզմի գաղափարին:

Վեցերորդ, չսահմանափակել ընտրատեղամասերում դիտորդների եւ լրատվամիջոցների թիվը, փոխել դիտորդների հրավիրման առաջարկվող կարգը: Բնականաբար, վիճելի այլ դրույթներ եւս կան, սակայն սրանք այն հիմնականն են, որոնք խոցելի են դարձնում մեր քաղաքական համակարգն ու ընտրական գործընթացները:

Կոչ եմ անում մեկտեղել քաղաքական, քաղաքացիական, մասնագիտական եւ շահագրգիռ այլ շրջանակների ջանքերը՝ նոր Ընտրական օրենսգրքի բարելավման եւ հանրայնորեն ընդունելի փաստաթուղթ ստանալու նպատակով:

Միջազգային շրջանակներին եւս առաջարկում եմ իրենց նպաստը բերել եւ՛ որակյալ փաստաթուղթ ստանալու, եւ՛ բուն ընտրական գործընթացը հանրության համար լեգիտիմ դարձնելու նպատակով: Ինչ վերաբերում է իմ եւ իմ համախոհների քաղաքական վարքագծին, ապա մենք ակտիվորեն ներգրավվելու ենք ինչպես օրենսդրական քննարկումներում, այնպես էլ բուն ընտրական գործընթացներում` որպես հիմք ընդունելով հասարակական-քաղաքական լայն համախմբման միջոցով երկրում դրական փոփոխությունների հասնելու սկզբունքը: