ՀՀ տարածքում կա սողանքավտանգ 233 համայնք, որտեղ գարնանը եւ աշնանը սովորաբար ակտիվացումներ են նկատվում: Այս մասին այսօր` մարտի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Եմիշյանը:
«Սողանքային աղետների թեման մեր երկրի համար շատ ցավոտ թեմա է: Մենք ունենք շատ սողանքավտանգ, ակտիվ սողանքներով զարգացող տեղեր, օրինակ` Ողջաբերդը, Հովքը, Առափին, Գետահովիտը եւ բազմաթիվ այլ տարածքներ: Եթե տարածքային առումով նայենք, սա լուրջ խնդիր է, երկրի տարածքի 4 տոկոսը սողանքավտանգ է»,-ասաց նա:
Հովհաննես Եմիշյանի խոսքով` 2013թ. սողանքների խնդրի համակարգումը ստանձնած ԱԻՆ-ը 2015թ.-ից Ճապոնիայի միջազգային գործակալության հետ համատեղ ծրագրով վերապատրաստում են մասնագետներ, ուսումնասիրում են սողանքավտանգ տարածքները եւ այդ տարածքներում կայունացման աշխատանքներ կատարում:
Ծրագրի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ տարածքում առանձնացվել է երկու ակտիվ սողանք`Շիրակի մարզի Առափի համայնքը եւ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքը:
«Այս երկու սողանքների վրա դրվել են համապատասխան սարքավորումներ, որոնց միջոցով տեղեկատվություն է ստացվում սողանքի ակտիվության մասին, շուտով նախատեսվում է, որ այդ տվյալները իրական ժամանակում կգրնացվեն ՃԿԿ-ներում, եւ բնակչությունը կիրազեկվի հնարավոր սողանքի մասին»,-նշեց Եմիշյանը:
ԱԻՆ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության պետը նշեց, որ սողանքները կանխելու գործում անհրաժեշտ է նաեւ համայնքների ներգրավվածությունը:
«Շատ կարեւոր է մարդկանց վերաբերմունքը իրենց շրջապատին, իրենց տարածքին: Ճապոնացիները արձանագրել են` մեզ մոտ լուրջ խնդիր է ջրօգտագործումը: Մարդիկ անսահման ջուր են օգտագործում եւ դա թեք լանջերում բերում է սողանքային երեւույթների: Երբ ջրամեկուսացում է իրականցվում խնդիրը կայունանում է: Օրինակ` Շիրակի բնակիչները իրենց ուժերով ջրահեռացման համակարգ են կառուցել, օժանդակում են այդպիսով մեր աշխատանքներին»,-նշեց Հովհաննես Եմիշյանը:



























